Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Երևանն Իրանին առաջարկելու բան չունի, ավելի լավ է կատարի 2016-ի «տնային առաջադրանքը»

Երևանն Իրանին առաջարկելու բան չունի, ավելի լավ է կատարի 2016-ի «տնային առաջադրանքը»
14.09.2018 | 00:42

1993 թվականից բազմիցս փորձել եմ հասկացնել Հայաստանի բոլոր իշխանություններին, որ մեր երկրի համար Իրանի հետ հարաբերությունները պակաս կարևոր չեն, քան Ռուսաստանի և ԱՄՆ-ի: Տեր-Պետրոսյանի կառավարման սև տարիներին դա անհույս գործ էր: Տարածաշրջանում Իրանի դերի մասին հորդորները նույնքան անհույս գործ դարձան նաև Սերժ Սարգսյանի նախագահության երկու ժամկետում: Դատելով ամեն ինչից՝ Իրանը չի ուզում բանի տեղ դնել նաև Նիկոլ Փաշինյանը: Հայկական ԶԼՄ-ներն օգոստոսի 9-ին հաղորդեցին, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որին Իրանում և Ռուսաստանում համարում են «Արևմուտքի մարդ», հանդիպել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Սաջադիի հետ: «Ֆեյսբուքի» իր էջում Գրիգորյանը գրել է, որ հանդիպման ժամանակ ինքը նշել է, թե տարիների ընթացքում Հայաստանը և Իրանն ապացուցել են իրենց փոխադարձ ցանկությունը՝ պահպանելու և զարգացնելու երկկողմ հարաբերությունները, որոնք երբեք չեն տուժել երկու երկրի համար ծանր ժամանակներում: Նա համոզվածություն է հայտնել, որ բարձր մակարդակ ունեցող գործակցությունը կնպաստի նաև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչը կամրապնդի Հայաստանի կայունությունը: Իրանի դեսպանն իր հերթին ողջունեց «թավշյա հեղափոխության» ընթացքում ձևավորված կառավարության ջանքերը հայ-իրանական հարաբերությունների խորացման և զարգացման ուղղությամբ: Նա պատրաստակամություն հայտնեց աջակցելու Իրան վարչապետ Փաշինյանի այցի նախապատրաստությանը, որը նախատեսվում է մոտ ժամանակներս: Զարգացնելով այդ տեղեկությունը, հայկական մի շարք ԶԼՄ-ներ, որոնք համակրում և աջակցում են «թավշյա հեղափոխականներին», այսպես ասած, տեղեկատվական տարածք նետեցին Թեհրանում վարչապետի վարքի ինչ-որ պլանի ուրվագիծ:


Սակայն հետո Հայաստանի ԱԳՆ-ն, փաստորեն, հերքեց Արմեն Գրիգորյանի հայտարարությունը: «Ֆեյսբուքում» նրա գրառումից 5 օր անց ԱԳՆ մամլո քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը հայտարարեց. «Հայաստանի վարչապետի այդպիսի այց օրակարգում դեռևս չկա: Իրան տարբեր մակարդակների այցեր պլանավորվում են, բայց ճշգրիտ ժամկետներ դեռ նշված չեն»: Դրանից հետո ո՞վ կհավատա Փաշինյանին կամ նույն Աննա Նաղդալյանին, որ «չնայած Իրանի շուրջ ստեղծված իրադրությանը՝ Երևանի համար Թեհրանը շարունակում է մնալ կենսականորեն կարևոր գործընկեր»: Ոչ ոք: Հատկապես Իրանում: Որովհետև դեսպան Սաջադիի հրավերը իրանական կողմից 2018 թ. 8 ամսում արված երկրորդ կամ արդեն երրորդ հրավերն է Փաշինյանին՝ այցելելու Իրան: ՈՒրեմն ինչու՞ «Նիկոլ Փաշինյանի օրակարգում» դեռ չկա հարևան պետություն այցը: Գուցե «ժողովրդական վարչապետն» արդեն վախեցել է Երևանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչի Միլզի դիրքորոշումից. վերջինս նույնիսկ այն հայ գործարարներին, որոնք մտադիր էին Իրանի հետ գործ բռնելու, խորհուրդ է տալիս (և զարմանալի է, որ նույնպես օգոստոսի 14-ին) «խորհուրդներ ստանալ դեսպանությունում՝ Իրանի դեմ պատժամիջոցների տակ չընկնելու համար»: Պարզ է, որ ԱՄՆ-ի դեսպանությունում: Ասենք, ԱՄՆ-ի ֆաշիստական և գերիշխանական վարվելաձևն աշխարհը գիտի: Աշխարհը, մենք էլ չգիտեինք, որ առաջին «վախեցածն» է լինելու Հայաստանի կառավարության ղեկավարը:
Բայց ենթադրենք, որ նա երբևէ, ԱՄՆ-ի հրամանին հակառակ, որոշի գնալ Իրան:

Վերադառնանք այն բանին, ինչը գրվում էր օգոստոսին հայ-իրանական հարաբերությունների առնչությամբ: Եթե այդ հարաբերություններն սկսվեին հենց վաղը և «մաքուր էջից», ապա հայկական ԶԼՄ-ների առաջարկությունները, կազմված ինչ-որ փորձագիտական որոշման հիման վրա և գրողների ազգային պատկանելությունից կախում չունենալու հավակնությամբ, լիովին կարող էին համարվել կշռադատված և խելամիտ: Օրինակ, Փաշինյանին խորհուրդ տային, որ Հայաստանի իշխանություններն առաջին հերթին պետք է խթանեն հայ-իրանական տնտեսական կապերը՝ ներդրումներն ազատ առևտրային գոտիներում (ԱԱԳ), որպեսզի իրանական կապիտալն ամրապնդվի հանրապետության տնտեսության մեջ, ստեղծվեն համատեղ ձեռնարկություններ: Հայ-իրանական քաղաքական հարաբերությունները միշտ բարձր մակարդակի վրա են եղել, նշում են պլանի ուրվագիծը կազմողները, Թեհրանը կշռադատված դիրքորոշում ունի արցախա-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ, և այդ ֆոնին անհարմարորեն առանձնանում են երկու երկրի տնտեսական հարաբերությունները, որոնք շարունակում են զիջել քաղաքականությանը: Ի՜նչ, այ քեզ բա՜ն. «Հայաստանը Իրանի համար պատուհան կդառնա դեպի արտաքին աշխարհ»: Հետո արդեն գալիս էին կողքից դիտողի դատողություններ: Մասնավորապես, որ միաժամանակ «խորանում են Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները. Ադրբեջանի տարածքում ստեղծվում են մեքենայական տեխնիկայի, դեղամիջոցների և այլ համատեղ ձեռնարկություններ, փոխադարձ ներդրումների հիմնադրամ, կառուցվում է երկու երկիրը միացնող երկաթուղի և այլն: Չնայած Իրանի հակառակորդ Իսրայելի հետ Ադրբեջանի ռազմական սերտ կապերին՝ վերջին տարիներին ադրբեջանա-իրանական հարաբերությունների տնտեսական բաղադրիչը կտրուկ աճում է: Դա իրական մրցակցություն է, և Երևանը պետք է Թեհրանին նոր առաջարկներ անի, որոնք կյանքի կկոչեն նոր տրանսպորտային, էներգետիկ համատեղ նախագծեր և կխորացնեն տնտեսական կապերը: Դա հատկապես կարևոր է, քանի որ Բաքվին անհանգստացնում են հայ-իրանական և հայ-վրացական հարաբերությունները, որոնք չեզոքացնում են տարածաշրջանում Հայաստանը մեկուսացնելու ցանկալի արդյունքը: Ինչ վերաբերում է Բաքվի հնարավոր քայլերին, ապա Ադրբեջանն իրանցի գործարարներին կարող է առաջարկել բեռնափոխադրումների ավելի շահավետ պայմաններ, նաև արտոնյալ պայմաններ իրանական այն արտադրանքի համար, որը Վրաստան կներմուծվի տարանցիկ կերպով կամ Վրաստանից ադրբեջանական տարածքով Իրան-Պարսից ծոց ուղղությամբ: Դա կարող է արվել հայ-իրանական տարանցիկ միջանցքը թուլացնելու համար: Իրանցի և վրացի գործարարները, հատկապես բեռնափոխադրողները, չեն կարող հաշվի չառնել այն փաստը, որ հայկական տարածքով փոխադրումները ավելորդ ծախսերի կհանգեցնեն մի քանի գործոնների, այդ թվում՝ վատ ենթակառույցների, չավարտված «Հյուսիս-Հարավ» ճանապարհի և Սյունիքի տեղանքի պատճառով»:


Նախ՝ հարկ է մի քիչ «խմբագրել» Փաշինյանի մերձավոր շրջապատի «Արևմուտքի մարդ» Արմեն Գրիգորյանին: Իրանա-հայկական հարաբերությունները տուժել են 1991 թ. սեպտեմբերից, այն էլ ինչպես: Խփված ինքնաթիռ, Իրանի մեծ թվով զոհված քաղաքացիներ, որոնց թվում՝ կանայք ու երեխաներ, 90-ականների առաջին կեսում իրանական մեծաբեռ մեքենաների վարորդների ինքնաբերական սպանություններ: Կարելի է հարցնել նախկին նախագահ Տեր-Պետրոսյանին, թե ինչ փաստարկումներ էր արել 90-ականներին Հայաստանում Իրանի դեսպան Համիդ Ռեզա Նիքար-Էսֆաղանին Լևոն Տեր-Պետրոսյանին իր այցի և բանակցության ժամանակ, որ հանդիպումից հետո «հանկարծակի» դադարեցին իրանցի վարորդների վրա հարձակումները և նրանց սպանությունները, խափանվեց Հայաստանից իրանական «Մելլաթ» բանկի նախապատրաստվող վտարումը: Այդ վտարումը Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները պատրաստ էին անելու, իհարկե, ԱՄՆ-ի և Իսրայելի թելադրանքով: Այնպես որ, ցանկացած իրանցի դիվանագետի կամ պաշտոնատար անձի որևէ բան ասելուց առաջ միշտ պետք է նկատի ունենալ, որ իրանցիներն ամեն ինչ խնամքով պահպանում են և երբեք ոչինչ չեն մոռանում: Երկրորդ. Հայաստանն Ադրբեջանի հետ համեմատելը ոչ միայն անքաղաքավարություն, այլև հիմարություն է: Բազմաթիվ են այն պատճառները, որոնց պատճառով չարժե համեմատել Հայաստանն ու Ադրբեջանը Իրանի համար հետաքրքիր լինելու տեսանկյունից: Ընդ որում, տնտեսությունն ու տրանսպորտն Իրանի համար չնչին դեր ունեն, հակառակ դեպքում Աստարայով Իրան-Ռուսաստան երկաթգիծը վաղուց շահագործման հանձնված կլիներ, մինչդեռ նույնիսկ կառուցումն ավարտված չէ:


Բայց, ինչպես հայտնի է, Թեհրանի և Բաքվի միջև խիստ վիճելի հարցը՝ Կասպից ծովի կարգավիճակի շուրջ, լուծված է: Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին համաձայնագիրը ստորագրել են 5 պետության ղեկավարները 2018 թ. օգոստոսին, Ղազախստանում: Եվ հայտնի է, որ Իրանը մինչև վերջին պահը կասկածի մեջ էր, թե արժե՞ ստորագրել այդ փաստաթուղթը: Գայթաքարը ծովի հատակը բաժանելու հարցն էր: Սակայն Մերձավոր Արևելքում իրադրության բարդացման և Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Իրանը մեղմացրեց իր նախնական կոշտ դիրքը:

Դիվանագետները փաստաթուղթը բնութագրեցին «տարածաշրջանային սահմանադրություն»: ՌԴ նախագահ Պուտինը հանդիպումն անվանեց «բացառիկ, եթե ոչ դարակազմիկ», իսկ Իրանի նախագահ Ռոհանին հայտարարեց, որ կողմերն արեցին «շատ կարևոր քայլ»: Ստորագրված համաձայնագիրը մերձկասպյան երկրներին թույլ չի տալիս իրենց սահմանները բացել երրորդ կողմերի համար, ինչպիսիք են ԱՄՆ-ը կամ ՆԱՏՕ-ի այլ երկրները, կամ թույլատրել ընդհանրապես որևէ կարգի ռազմական ներկայություն կասպյան ջրերում: Հիշեցնենք, որ փաստաթղթի նախագիծը համաձայնեցվել էր 2017 թ. դեկտեմբերին Մոսկվայում կասպյան երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ: Համաձայնագրով Կասպից ծովի հիմնական ջրամակերեսը մնում է կողմերի ընդհանուր օգտագործման տակ, իսկ հատակը և ընդերքը հարևան երկրների կողմից տեղամասերի են բաժանվում նրանց միջև պայմանավորվածությամբ, միջազգային իրավունքի հիման վրա: Նույնպես կողմերի համաձայնությամբ որոշվում են նավագնացության, ձկնորսության, գիտական հետազոտությունների և գլխավոր խողովակաշարերի անցկացման հարցերը: Հատուկ նախապայման է դրված, որ ծովային մասշտաբային նախագծերի իրականացման ժամանակ պարտադիր կերպով պետք է հաշվի առնվի բնապահպանական գործոնը: Բրիտանական «Գարդիան» թերթը, մեկնաբանելով համաձայնագրի ստորագրման փաստը, այն համարում է «Պուտինի հաղթանակը»: Ըստ CNN-ի, «կասպիական» հաղթանակը Մոսկվային թույլ կտա իրականացնել իր մերձավորարևելյան հավակնությունները: «Դեյլի թելեգրաֆ» թերթը համաձայնագիրն անվանել է «ժամանակին արված գործարք», որը հաջորդեց Իրանի էներգետիկ ոլորտի նկատմամբ պատժամիջոցներ մտցնելու մասին ԱՄՆ-ի նախագահ Թրամփի խոստմանը: Բայց բոլորին, ինչպես Այսրկովկասում, այնպես էլ Միջին Ասիայում, չխոսելով արդեն Արևմուտքի մասին, առավել քան հասկանալի է, որ այդ համաձայնագրի ստորագրումը հենց Մոսկվայի և Թեհրանի նախնական պայմանավորվածության արդյունքն է, իսկ ՌԴ-ն և Իրանը առաջնորդվում են տարածաշրջանում իրենց գաղտնի ռազմաքաղաքական միության շահերով: Զուր չէր, որ համաձայնագրի ստորագրումից հետո Ղազախստանն շտապեց կրկին հավաստիացնել Ռուսաստանին և Իրանին, որ Կասպից ծովում ղազախական երկու նավահանգստի օգտագործման մասին ԱՄՆ-ի հետ Ղազախստանի գործարքը բացառում է Մերձկասպիում ամերիկյան ռազմական ուժերի հայտնվելը: Նույնիսկ համառոտ շարադրված այս պատմությունը բավական է՝ հասկանալու, որ Իրանի արտաքին քաղաքականության մեջ Ադրբեջանը հատուկ դիրք ունի, և այստեղ պետք չէ «մեջ ընկնել» Երևանից ինչ-որ համեմատություններով:


Դատելով ըստ ամենայնի, այն լուրերը, թե նոր միջազգային-իրավական կարգավիճակն օբյեկտիվորեն ձեռնտու չէ Ադրբեջանին, ինչ-որ չափով համապատասխանում են իրականությանը և արտացոլում են այն, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը լիովին գիտակցեց իր վիճակի անելանելիությունը: Հակառակ դեպքում նախագահ Ռոհանիի հետ օգոստոսի 12-ի հանդիպման ժամանակ նա դժվար թե Իրանն անվաներ «եղբայրական երկիր» և հավաստիացներ Ռոհանիին, որ «ոչ ոք երբևէ չի կարող վնաս հասցնել մեր երկրների եղբայրական կապերին», ինչպես նաև դատապարտեց Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները: Քաղաքական և այլ արիություն կունենա՞ն Հայաստանի իշխանությունները՝ վարվելու նույն կերպ, մանավանդ որ Երևանը փառաբանում է հայ-իրանական հարաբերությունները: Թեկուզ «ադրբեջանական տարբերակով». ընդգծեմ, որ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները Ալիև-Ռոհանի հանդիպման արդյունքներում չնշեցին Ադրբեջանի նախագահի կողմից Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների «դատապարտումը»: Այսպես, Ադրբեջանի պետական տեղեկատվական գործակալությունը սահմանափակվեց նշելով, որ «Ադրբեջանի և Իրանի կապերը հաջողությամբ զարգանում են քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում... Ընդգծվեց, որ համատեղ իրականացվող տնտեսական նախագծերը լավ արդյունք են տալիս... Հաջողությամբ իրականացվում է համագործակցությունը էներգետիկ, տրանսպորտային և ենթակառուցվածքային ոլորտներում, ինչպես և «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի գծով»:


Եթե ազնվորեն, ապա հավատ չի ներշնչում: Լիովին ճիշտ է «Ռեգնումի» վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը, երբ հարցականի տակ է դնում Թեհրան Հայաստանի վարչապետի մոտալուտ այցի հավանականությունը: Այո, Փաշինյանը, դեռ վարչապետ չլինելով, օտարերկրյա դեսպանություններ իր առաջին այցելություններից մեկը կատարեց Իրանի դեսպանություն: Հիշեցնեմ նաև, որ ԻԻՀ-ի նախագահն արտասահմանյան երկրների առաջնորդների թվում առաջիններից մեկն էր, որ հեռախոսային զրույցում Փաշինյանին շնորհավորեց Հայաստանի վարչապետ ընտրվելու առթիվ:

Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, այդ ժամանակ «կողմերը քննարկեցին հայ-իրանական բարեկամական հարաբերությունները և մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին երկկողմ համագործակցությանը և միջազգային օրակարգին, մտքեր փոխանակեցին իրանական միջուկային ծրագրի շուրջ իրադարձությունների զարգացման մասին», նշեցին «հայ-իրանական փոխշահավետ գործընկերության, նրա խորացման, ինչպես նաև ընթացիկ համատեղ նախագծերի արդյունավետ իրագործման կարևորությունը՝ վերջիններիս ներուժի առավելագույն իրացմամբ», պայմանավորվեցին այցերի ժամանակացույցի մասին: Հուլիսի սկզբին Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականյանը Երևանում Փաշինյանի հետ անձնական հանդիպման ժամանակ նրան հաղորդեց նախագահ Ռոհանիի հրավերը: Այդ ժամանակ զրուցակիցները կարծիքներ փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ: Փաշինյանը հայտարարեց, որ «Հայաստանը պատրաստ է բարեկամ Իրանի հետ սերտ համագործակցության»: Լինենք օբյեկտիվ. Հայաստանի վարչապետի և Իրանի ներկայացուցիչների շփումների վերը թվարկված դեպքերից ոչ մեկում Թեհրան Փաշինյանի այցի ժամկետ գոնե մոտավորապես չի նշվել: Եվ Տարասովը հստակ ասում է, թե ինչու կարելի է և չսպասել Իրան Հայաստանի վարչապետի այց. «Հայտնի է, որ վարչապետը կցանկանար ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ սեպտեմբերին հանդիպել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի նստաշրջանի ժամանակ: Այդ դեպքում Թրամփի հետ հանդիպման նախօրյակին Իրան նրա այցը հազիվ թե կայանա, քանի որ կգա Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների ծանրագույն «նոր շրջանը»: Նշեմ նաև, որ որոշ հայ և ոչ թե իրանցի կամ ռուս փորձագետների և տնտեսագետների կարծիքով, «Հայաստանում կարելի է ակնկալել «ցնցակաթվածներ» Իրանի և Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով»:
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3506

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ